«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի Նոր Ռեկորդ Սահմանեց

04.06.2024
7469 մարդ մեկ ժամում 1-ական բաժակ կաթ խմեց․ «Երեմյան Փրոդաքթս»-ի «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով միջոցառումն այս տարի ռեկորդային էր։

«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով միջոցառումն առաջին անգամ իրականացրինք 2023 թվականին՝ կրկին Սիզընս այգում։ Այդ օրը հյուրասիրության ընթացքում մասնակիցները 4800 բաժակ կաթ էին խմել։ Տեսնելով այդ օրվա ոգևորությունը, հետաքրքրվածությունն ու լսելով, որ մարդիկ ցանկանում են նորից մասնակցել կաթի նմանատիպ, յուրահատուկ հյուրասիրությանը, սկսեցինք պատրաստվել այս տարվան՝ է՛լ ավելի մեծ, յուրահատուկ ու․․․ ռեկորդային։

«Երեմյան Փրոդաքթս»-ը գինեսի նոր ռեկորդ սահմանեց



Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, կայացավ մեր երկրորդ մասշտաբային հյուրասիրությունը։ Այդ օրը մենք գերազանցեցինք «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեցինք նորը։ Մեր նպատակն ի սկզբանե 6000 բաժակ կաթ մատուցելն էր, սակայն «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց`6000-ի փոխարեն։

Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան անարատ ու մեր սեփական ֆերմայից ստացված կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։

"Շա՜տ Կաթը Շա՜տ Սեր Է" գինեսի նոր ռեկորդ

Հազարավոր մարդիկ էին հավաքվել Սիզընս այգում՝ մասնակցելու Գինեսի ռեկորդի գրանցմանը և տոնելու հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ոգևորությունը մեծ էր անգամ ամենափոքրիկ երեխաների մոտ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի միշտ պատմենք և մարդիկ տեսնեն, թե ինչպես է ստացվում մեր կաթն ու կաթնամթերքը և որտեղից է գալիս։ Այդ պատճառով էլ այս տարի ևս մեր ֆերմայից Երևան էին եկել մեր կովերն ու հորթուկները՝ իրենց սիլոսացված ու թարմ անասնակերով, գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող նոր մեքենաները։ Ինչպես միշտ՝ նրանք ուշադրության կենտրոնում էին։



«Երեմյան Փրոդաքթս»-ի ինչպես բոլոր միջոցառումների և նախաձեռնությունների, այնպես էլ այս իրադարձության հիմքում մեր կարևոր առաքելությունն էր՝ նպաստել կաթի ամենօրյա օգտագործման մշակույթի զարգացմանը, տեղեկացնել մարդկանց «Երեմյան Փրոդաքթս»-ի անարատ կաթի մասին և պատմել կաթի և կաթնամթերքի օգտակարության մասին։ Մենք ցանկանում էինք, որ մարդիկ ևս մեկ անգամ համախմբվեն հենց այս կարևոր գաղափարի շուրջ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակությունում կաթ քիչ են օգտագործում․

«Ուրախ եմ և հպարտ, որ մեզ արդեն երկրոդ անգամ հաջողվեց Հայաստանում Գինեսի ռեկորդ գրանցել․ այսօր մենք միասին ՝ մեր քաղաքի բնակիչների ու հյուրերի հետ շատ կաթ խմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցինք։ Սա թե՛ մեր և թե՛ Հայաստանի համար մեծ ու աննախադեպ իրադարձություն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս», - ասաց Դավիթ Երեմյանը։



Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ և մանրակրկտորեն հետևում էր բոլոր ընթակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին․

«Այս ռեկորդի գրանցման էությունը ոչ միայն բաժակներով կաթի մատուցումն էր, այլև խիստ կանոնների պահպանումը։ «Երեմյան Փրոդաքթս»-ի թիմը, իսկապես, շատ մեծ ու պատասխանատու աշխատանք իրականացրեց, ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Շատ ուրախ ենք, որ պահպանվեցին բոլոր կանոններն ու ընկերությունը գրանցեց Գինեսի ռեկորդը», - նշում է Պրավին Պատելը։

Գինեսի ռեկորդի սահմանումն էլ ուներ հստակ կանոններ․ յուրաքանչյուր մարդու ձեռքին հերթում սպասելիս դրվում էր հատուկ կնիք, դրանից հետո՝ անցնելով տաղավար, յուրաքանչյուրը պետք է խմեր մեկ բաժակ կաթ, որն իրեն մատուցում էին մեր սպասարկողները։ Այդ դեպքում միա՛յն գինեսի ռեկորդի ներկայացուցիչները իրավունք ունեին հատուկ սարքի միջոցով հաշվել տվյալ մարդու խմած կաթը։ Մենք հպարտությամբ ենք ասում, որ պահպանեցինք կանոններն ու սահմանեցինք ռեկորդը։



Նշենք նաև, որ միջոցառումն ուներ գեղեցիկ համերգային ծրագիր ու անակնկալ․ համերգային ծրագրի հատուկ հյուրը Կարո Այրումյանն էր, որ իր երգերով շատ բարձր տրամադրություն ապահովեց այգում ու ուրախացրեց բոլոր փոքրիկներին։

Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երկրորդ անգամ է Գինեսի ռեկորդ սահմանում։ 2018 թվականին ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենամեծ գաթա»։ Ռեկորդը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: