«Երեմյան Փրոջեքթս»-ի ֆերմայի բացումը Տաշիր համայնքում

02.11.2023
Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթսի»՝ իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացումը։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, և «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։

Ներդրումային այս խոշոր ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, և 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս.
«Նման ժամկետներում այսպիսի արդյունք ապահովելը, մեկ բառով ասած՝ ֆանտաստիկա է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ թիմին, որը, իրոք, արել է անհնարինը։ Թիմն էր այն շարժիչ ուժը, որն ինձ ստիպեց հավատալ մեր ուժերին, ոգեշնչեց ու համոզեց, որ մենք կարող ենք, մենք ի զորու ենք։ Եվ հենց նրանց ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ մենք այս արդյունքն ունենք», - ասաց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։



Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք (1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու) շրջանաձև ավտոմատ կթարան, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (580-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալու) ունի 3 անասնապահական գոմեր, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր։ Բոլոր միավորներն ունեն ադմինիստրատիվ մասնաշենքեր, որոնք ներառում են հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով կահավորված գրասենյակ, ընդարձակ և լուսավոր հանդիպումների սրահ, առանձին աշխատասենյակներ, խոհանոց:

Ներդրումային այս Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է սույն նախագծի ներդրումային ծախսերը։
«Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը, որոնք միտված են նպաստել պարենային անվտանգության ապահովմանն ու ագրոարդյունաբերության ոլորտում կայուն տնտեսական զարգացմանը։ Կրկնակի ողջունելի է, երբ նման ծրագրերն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Էկոնոմիկայի նախարարության անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել նման խոշոր նախաձեռնությունների իրականացմանը։ Վստահ եմ, բարձրակարգ, գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս ֆերման լավ օրինակ կծառայի մեծ և փոքր ֆերմերային ընկերությունների համար, թե ինչպես պետք է զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։



«Երեմյան Փորջեքթսի» նախագիծը նշանակալի ներդրում է պարենային անվտանգության ապահովման և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում, և մենք ուրախ ենք դրանում մասնակիցը լինելու համար: Ընթացիկ ռազմավարական շրջանում ԵԱԶԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախագծերին։ Անցած տարվա ընթացքում, բացի ագրոարդյունաբերական համալիրից, մեզ հաջողվեց զգալիորեն մեծացնել մեր պորտֆելը երկրի համար այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և արդյունաբերությունը»,- նշել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Դավիթ Երեմյանի խոսքով՝ սա աննախադեպ նախագիծ է թե՛ Հայաստանի և թե՛ ոլորտի համար.
«Տվյալ ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթսը» ներդրումներ է կատարում Հայաստանի երկու մարզում՝ Երևան քաղաքում կառուցվում է ժամանակակից կաթի վերամշակման գործարան, և Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվել է անասնապահական համալիր», - նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել,- «Ես մշտապես ասել եմ, որ այս նախագիծն ինձ համար անձնապես, ինչպես նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար պատվի հարց է, և ես ուրախ եմ ու հպարտ, որ մենք կարողացանք այդ պատիվը բարձր պահել, և այսօր ձեր դատին ենք հանձնում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի անասնապահական համալիր։ Այս ծրագրով մենք նաև մեծ պատասխանատվություն էինք ստանձնել Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և կաթնամթերքի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Եվ այսօր, նախագծի արդյունքում՝ ունենալով այսպիսի մասշտաբների, այս որակի, այսպիսի սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից ֆերմա, մենք վստահ կարող ենք խոսել մեր առջև դրված խնդիրն ամբողջապես կատարելու մասին։ Նման ֆերմերային տնտեսվարումն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման խնդիր է լուծում, ինչը մեր նպատակներից մեկն էր»։

Համալիրը ևս գործելու է «Սերմից՝ սեղան» փակ շղթայով, ինչի արդյունքում ապահովվելու է բարձրակարգ կաթի ու կաթնամթերքի արտադրությունը, մատակարարումն ու սպառումը․
«Փակ ցիկլի ապահովման և բարձրակարգ կաթի երաշխիքներից մեկը կերն է, դրա արտադրությունը։ Մենք համալիրի տարածքում ունենք սեփական հողատարածքներ, որտեղ ինքներս ենք ցանում սերմը, սեփական կերաղացում մշակում ենք այն և մատակարարում կենդանիներին։ Հաջորդ կարևոր փուլը կաթի ճիշտ վերամշակումն է, փաթեթավորումը և պատշաճ կերպով սպառողներին ներկայացնելը։ Այս բոլոր փուլերից հետո միայն ամբողջացվելու է մեր փակ ցիկլը։ Տվյալ փուլերից յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական լինել, աշխատենք ճիշտ մոտեցումներով, որպեսզի ունենանք որակյալ արտադրանք», - ասաց Դավիթ Երեմյանը։
Այս նախագիծը հնարավորություն է տվել այս մեկ տարվա ընթացքում ապահովել նաև մարզի զբաղվածությունը, քանի որ շինարարության ընթացքում հիմնական աշխատուժը Լոռու մարզի բնակչությունն է եղել։ Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 120 աշխատատեղ։

Դավիթ Երեմյանի խոսքով՝ միակ խնդիրը մասնագետների բացն ու պակասն է եղել, իսկ դա էլ այն պատճառով, որ նախկինում Հայաստանում այս մասշտաբների ու այս պահանջներով ֆերմաներ չեն կառուցվել․ «Ցավոք, մեր երկրում պրոֆեսիոնալ անասնապահությամբ մարդիկ չեն զբաղվել, և դրա արդյունքն էլ այն հետևանքներն են, որոնք նշեցի։ Բայց մենք մեր արտասահմանյան գործընկերների հետ կարողացել ենք լրացնել այդ բացը։ Նրանք այս բարդ ճանապարհին մեր կողքին են եղել, օգնել իրենց մասնագիտական հմտություններով, փորձով ու խորհուրդներով։
Մենք Հայաստանի ֆերմերային տնտեսության մեջ նոր մոտեցումներ ենք ներդնում։ Մեր համալիրում չկան ո՛չ կթվորուհիներ, ոչ գոմապահներ, այստեղ աշխատանքն ավելի շատ մասնագիտական գիտելիք ու հմտություն է պահանջում։ Մեր կթի օպերատորները, կենդանիների խնամքի պատասխանատուներն այսօր բարդ և շատ գնահատելի աշխատանք են կատարում, որն իրենցից պահանջում է ամբողջովին փոփոխել մոտեցումները, վերապատրաստվել և սովորել նորը», - ասաց Դավիթ Երեմյանը։