«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

28.02.2024
«Երեմյան Փրոդաքթս»-ը Դուբայում փետրվարի 19-23-ը մասնակցում էր Gulfood 2024 սննդի և խմիչքի ամենամեծ միջազգային ցուցահանդեսին։

Gulfood-ը ոլորտի առաջատարներին և փորձագետներին համախմբող հարթակ է, որը հնարավորություն է տալիս հայ գործարարներին և արտադրողներին ներկայացնել իրենց պատմությունը, մշակութային հարուստ ժառանգությունը, հայկական խոհանոցը և յուրահատուկ արտադրանքը։ Gulfood ամենամյա ցուցադրությունն ունի մոտ 20 տարվա պատմություն և ամեն տարի ընդլայնում է մասշտաբները, ընդգրկում նոր երկրներ, ավելի շատ ընկերություններ ու ընդունում ավելի մեծաքանակ այցելուներ։

«Երեմյան Փրոդաքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը 5 օր շարունակ օտարերկրացի հյուրերին ներկայացնում էր ընկերության պատմությունը, ծրագրերն ու հաջողությունները, ինչպես նաև «Երեմյան Փրոդաքթս»-ի ապրանքատեսականին։ Նրանցից շատերը հաճելիորեն զարմանում էին՝ տեսնելով «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով ստացվող կաթնամթերքի բարձր որակը, երբեմն էլ համտեսելով իրենց քիմքին անծանոթ համերը։ Հայկական ռեժանը, մածունը, քամած մածունը, թանը, լոռի և թել պանիրները նրանք ուսումնասիրում և համտեսում էին մեծ հետաքրքրությամբ։

«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում մեր տաղավարին էին մոտենում հազարավոր հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից՝ նախ նկատելով մեր կաթնամթերքի փաթեթավորումը և դիզայնը, իսկ համտեսելուց հետո անմիջապես զգում և գնահատում կաթնամթերքի բարձր որակն ու համը։ Հատկապես յոգուրտների փաթեթավորումը միանգամից գրավում էր բոլորին։

Այստեղ էլ «Երեմյան Փրոդաքթս»-ը ներկայանում էր որպես պրեմիում կարգի կաթնամթերք արտադրող ընկերություն․ մեր ապակյա տարաներն ու փաթեթավորումը, կաթնամթերքի համը ոլորտի մասնագետները ասոցացնում էին հենց պրեմիում կարգի հետ։



«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգը տպավորում էր այցելուներին․ կաթնամթերքի ստացման միջազգային ճանաչում ունեցող այս հայեցակարգի մասին, իհարկե, կաթնամթերքի ոլորտի գիտակները լսել էին։ Տեսնելով մեր նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներն ու գործարանը, ինչպես նաև տեղում համտեսելով կաթնամթերքը, ոչ մի կասկած չէր մնում «Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրանքի բարձր որակի վերաբերյալ։ Մենք մանրամասն ցուցադրում և պատմում էինք մեր Տաշիրի անասնապահական նոր համալիրի, դրա տված հնարավորությունների և ավտոմատացված համակարգերի մասին։ Ներկայացնում էինք, որ սկսած մեր դաշտերում խոտը ցանելուց մինչև կովերի հատուկ խնամք և փակ ցիկլով կաթի տեղափոխում՝ մենք վերահսկում ենք հատուկ ուշադրությամբ և պատասխանատվությամբ։



Մեզ համար հաճելի էր հատկապես լսել արձագանքը մեր «Ա» կարգի անարատ կաթի մասին․ շատերը փորձելով «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը, նշում էին, որ այնպիսի տպավորություն է, կարծես մինչ այդ իրական կաթ չէին խմել՝ այսքան հագեցած և բնական համով։

Այս ցուցահանդեսը բազմաթիվ նոր ծանոթությունների և համագործակցության հետագա հնարավորությունների հարթակ էր՝ հայկական բարձրորակ արտադրանքը ներկայացնելու ԱՄԷ-ում և աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայաստանյան շուկան գրեթե ներկայացված չէ։

Ծանոթանալով աշխարհի տարբեր երկրներից եկած գործարարների, դիստրիբյուտորների հետ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և մեր մյուս թիմակիցները հետաքրքրված գործարարների հետ անհատական քննարկումներ և հանդիպումներ էին ունենում՝ լսելով նրանց առաջարկներն ու համագործակցության հնարավոր ուղիները։



Մեր թիմը նույնպես շրջում էր ցուցահանդեսի տարածքով, ծանոթանում տաղավարներին, ուսումնասիրում կաթնամթերքի համաշխարհային շուկան, զարգացման նոր տենդենցներն ու պահանջները։ Եվ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ընտրած ուղին ճիշտ է․ մնում է շարունակել պահել մեր արտադրանքի բարձր որակն ու մեր իսկ սահմանած նշաձողը, ավելացնել ծավալները, որովհետև աշխարհում մեծ է պրեմիում կաթնամթերքի պահանջարկը։

Հայկական արտադրությունն ու դրա պատմությունը երկրի սահմաններից դուրս ներկայացնելը «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Մեր թիմը ամբողջ աշխարհի խոշորագույն արտադրողների ու բիզնեսների կողքին, հազարավոր այցելուների ու հայտնի ընկերությունների ղեկավարներին ներկայացնում էր մեր բարձրորակ արտադրանքը, կիսվում հաջողության պատմությամբ և Հայաստանը ներկայացնում որպես երկիր, որը համաշխարհային բիզնես և արտադրության մոդելների կիրառման հաջողված փորձ ունի: