Կաթի 6 օգտակար և ապացուցված հատկություն

12.04.2024
Կաթը մարդու սննդակարգի մաս է եղել հազարավոր տարիներ, և ամենատարածված տեսակները կովի և այծի կաթերն են։

Մեր ժամանակներում կաթի օգտագործման շուրջ բազմաթիվ բանավեճեր և քննարկումներ են ծավալվում․ մարդկանց մի հատված վստահ է, որ կաթն առողջարար է մեր օրգանիզմի համար, որոշներն էլ համարում են, որ շատ կաթ օգտագործելը կարող է վնասել մեզ։

Մենք ուսումնասիրել ու գտել ենք կաթի՝ գիտականորեն ապացուցված 6 օգտակար հատկություն։ Առաջարկում ենք ծանոթանալ ու ներառել կաթը ձեր ամենօրվա սննդակարգում։


Կաթը՝ սննդարար նյութերի մեծ աղբյուր


Զարմանալի չէ, որ կաթը հագեցած է սննդարար նյութերով․ չէ՞ որ բնությունը «նախատեսել էր», որ նորածին կենդանիները պետք է սնուցվեն ու ուժեղանան կաթով։ Դե, այն, որ կաթը վիտամինների մեծ աղբյուր է, երևի թե հայտնի է բոլորին։ Կաթը հիանալի միջոց է կալիում, B12, կալցիում և վիտամին D ստանալու համար։ Բացի այդ, կաթը վիտամին A-ի, ցինկի, մագնեզիումի, օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբուր է։ Այս սննդանյութերը կենսական դեր են խաղում մարդու սրտանոթային առողջության համար, նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը և օգնում են պաշտպանվել քաղցկեղից:

Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։

Կաթը բարելավում է սրտանոթային առողջությունը


Ինչպես նշվեց նախորդիվ՝ կաթը սրտի առողջության վրա դրական ազդեցություն ունի։ Հիմա ավելի մանրամասն հասկանանք, թե ինչու։

Արոտավայրերում կամ խոտով սնվող կովերի կաթը ավելի շատ է հագեցած օմեգա-3 ճարպաթթուներով և զուգակցված լինոլաթթվով։ Այս ճարպերն էլ օգնում են ամրացնել ու պահպանել սրտի և արյան անոթների առողջությունը։ Բացի այդ, կաթի մեջ առկա կալիումի շնորհիվ կարգավորվում է արյան ճնշումը։

Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։

Կաթը սպիտակուցների աղբյուր է


Վստահաբար լսել եք, որ կաթը սպիտակուցների հիանալի աղբյուր է․․․դե, ճիշտ գիտեք։ Ենթադրվում է, որ մեկ բաժակ կաթի մեջ կա 8 գրամ սպիտակուց։ Բայց ինչի՞ համար է այդքան կարևոր սպիտակուցը մեր օրգանիզմի համար։

Ապացուցված է, որ սպիտակուցն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի բազմաթիվ կենսական գործառույթների համար, ինչպիսիք են աճն ու զարգացումը, բջիջների վերականգնումը և իմունային համակարգի կարգավորումը։

Բացի այդ, սպիտակուցներն օգնում են կառուցել ամուր մկաններ, պահպանել դրանք ու կանխել մկանների արագ վնասվելը։ Իսկ աշխատանքային ծանրաբեռնված օրերին կաթը ձեզ հավելյալ էներգիայով կապահովի․ խորհուրդ ենք տալիս փորձել։


Կաթն ամրացնում է ոսկորները


Փոքր տարիքում ո՞վ չի լսել այս արտահայությունը․ «շատ կաթ խմիր, որ ամուր ոսկորներ ու առողջ ատամներ ունենաս»։ Լսել ենք, բայց երևի շատերը չգիտեն, թե ինչով է օգնում կաթը մեր ոսկորներին ու ատամներին։ Կաթը հարուստ է կալցիումով․ հենց դա էլ օգնում է մեր ոսկորներին ու ատամներին։

Կալցիումից բացի, թարմ խոտով կերակրվող կովի կաթի մեջ կան նաև ֆոսֆոր, կալիում, սպիտակուց, վիտամին K2, որոնք նույնպես կարևոր են ոսկորների առողջության համար։

Կաթ ոչ միայն երեխաները պետք է շատ օգտագործեն՝ ամուր ոսկորներ զարգացնելու համար, այլն նաև մեծահասակները, քանի որ ամեն օր կաթ օգտագործելը կարող է կանխել ոսկրային հիվանդությունները։

Կաթը նվազեցնում է ճարպակալման ռիսկը


Ըստ որոշ հետազոտությունների՝ կաթի օգտագործումը նվազեցնում է գիրանալու ռիսկը։

Լատինաամերիկացի 3 տարեկան 145 երեխաների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կաթի ճարպերի շատ օգտագործումը նվազեցրել է մանկական ճարպակալման ռիսկը։ Իսկ 18,000 միջին և տարեց կանանց շրջանում կատարված հետազոտության արդյունքում էլ պարզվեց, որ ավելի բարձր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործելը նվազեցնում է քաշի ավելացման ռիսկը։

Այսպիսով, որո՞նք են այս արդյունքների պատճառները։

Առաջին հերթին, բարձր սպիտակուցներով կաթը կամ կաթնամթերքը օգնում են ավելի երկար չունենալ ուտելու ցանկություն։ Բացի այդ, շատ ուսումնասիրություններ և փաստեր ցույց են տալիս, որ կալցիումով հարուստ սննդակարգ ունեցող մարդիկ ավելորդ քաշ հավաքելու ավելի քիչ ռիսկի տակ են։

Կաթն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ


Վերջին, բայց ոչ պակաս կարևոր կետը․ կաթի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել դեպրեսիայի վտանգը։ Սա բացատրվում է կաթում առկա վիտամին D-ի և դեպրեսիայի կապով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի բավարար քանակությունը նպաստում է օրգանիզմում սերոտոնին հորմոնի բարձրացմանը, որը դրական է ազդում մեր ախորժակի, տրամադրության և քնի վրա։ Մթերքները, որոնք հարուստ են D, C և B վիտամիններով, ինչպես կաթը, օգնում են ձեզ ավելի երջանիկ զգալ։

Դե ինչ, կաթի օգտակարության բոլոր հատկություններին ծանոթանալուց հետո մնում է միայն կաթն ու կաթնամթերքը դարձնել մեր առօրյայի անբաժան մասը, բայց իրապես որակյալ ու անարատ կաթը։